26 հոկտեմբերի 2011 - 11:29 AMT
ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների «վերբեռնումը», չնայած տարաձայնություններին որոշ հարցերում

ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների վերբեռնումը, չնայած տարաձայնություններին որոշ հարցերում, հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի օրը ԱՄՆ պետական հիերարխիայի երրորդ դեմքը` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները կտրուկ է արտահայտվել Ռուսաստանում իրադրության զարգացման մասին և հերթական անգամ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել դադարեցնել «վերբեռնումը» ու ՌԴ առնչությամբ ավելի կոշտ ուղով շարժվել: Մասնավորապես, Բոները հայտնել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի «օկուպացման» անթույլատրելիության մասին:

«Մենք Ռուսաստանի հետ մշտապես երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում և բոլոր հարցերի շուրջ, այդ թվում` Վրաստանի: Մենք արդեն հայտարարել ենք, որ օժանդակում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և բոլորովին անկեղծ ենք ՌԴ հետ այդ հարցում: Այստեղ մեր միջև որոշակի տարաձայնություններ կան, սակայն մենք վերաբեռնավորում ենք հարաբերությունները և համագործակցելու ենք Ռուսաստանի հետ բոլոր հարցերում, որոնցում հնարավոր է, և կշարունակենք քննարկել բոլոր հարցերը, այդ թվում այն հարցերը, որոնցում փոխզիջման չենք գնում »,- ասել է Վիկտորիա Նուլանդը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ համագործակցում է ՌԴ հետ Իրանի առնչությամբ: «Մենք շարունակում ենք այն միջոցների երկկողմ քննարկումը, որոնք մենք կարող ենք կիրառել Իրանի նկատմամբ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: