26 հոկտեմբերի 2011 - 11:47 AMT
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Թուրքիային 301 հոդվածի կիրառման համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Թուրքիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչող անձանց քրեական հետապնդման ենթարկելու համար: «Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը (թուրքական ինքնության վիրավորանք) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության սկզբունքին»,-ասվում է դատարանի որոշման մեջ:

Դատարանի որոշումն ընդունվել է պատմաբան Թաներ Աքչամի գործով, որին Թուրքիայում դատապարտել են այդ հոդվածով, ինչը խոչընդոտ է հանդիսացել նրա աշխատանքի շարունակության համար, հայտնում են ԱՀՀ ներկայացուցիչները:

Թաներ Աքչամը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հոդվածներով, որտեղ նա սատարոմ է Ցեղասպանության ճանաչման գաղափարին: Նաև Աքչամն այն սակավաթիվ մարդկանցից էր, որը դատապարտեց թուրքական իշխանություններին այդ նույն 301 հոդվածով հայալեզու «Ակոս» թերթի դեմ գործ հարուցելու համար, գրում է Asbarez-ը: