Ով չհամագործակցի ՀՀԿ հետ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի, զգուշացնում է Տիգրան Սարգսյանը

Ով չհամագործակցի ՀՀԿ հետ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի, զգուշացնում է Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտության մասին լուրերը: «Ով համագործակցի մեզ հետ, նա կշահի, ով` ոչ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի»,- հայտնել է նա լրագրողներին Ազգային Ժողովում: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունն այժմ այն կուսակցությունն է, որի շուրջ միավորվել են մյուս կոալիցիոն գործընկերները, քաղաքական դաշտի առանցքն է, և այդ դիրքորոշումը ՀՀԿ-ն ոչ միայն կպահպանի, այլև կզարգացնի: Նա նշել է, որ փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրն ամրագրեց այդ սկզբունքը, որ կոալիցիոն կուսակցություններն իրենց դիրքերն ամրապնդելու են ոչ իրենց գործընկերների հաշվին, և որ այդ կուսակցությունները միավորվում են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ն լինելու է այն առանցքը, որի շուրջ ձևավորվելու է քաղաքական դաշտը: Այն կուսակցությունները, որոնք համագործակցելու են մեզ հետ, կշահեն: Նրանք ովքեր չեն համագործակցելու, դա նրանց խնդիրն է: Բայց ուզում եմ զգուշացնել բոլորին, ովքեր լուրեր են տարածում ՀՀԿ մասին, նրանք չարաչար սխալվում են մեր հնարավորությունները գնահատելիս: ՀՀԿ-ն այսօր ամենահզոր քաղաքական ուժն է Հայաստանում, որը ոչ միայն կպահպանի, այլև կամրացնի իր դիրքերը»,- ընդգծել է վարչապետը:

«Կարծում եմ` այդ ազդանշանները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից փոխանցել մեր գործընկերներին, մեր հասարակությանը»,- հավելել է նա` նշելով, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ: «Մենք համագործակցության կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ»,- հիշեցրել է նա նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

Նիստից հետո ՀՀԿ անդամները հրաժարվել են որևէ մանրամասներ հաղորդել, իսկ կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը միայն նշել է, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, և քննարկումները շարունակվում են:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---