26 հոկտեմբերի 2011 - 19:16 AMT
«Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցի շնորհանդեսը միաժամանակ անցկացվել է ավելի քան 100 քաղաքներում

Հինգ օրից աշխարհի բնակչությունը, համաձայն կանխատեսումների, կհասնի 7 միլիարդի: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այսօր հրապարակված «Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցում, մեր այժմյան քայլերից է կախված, թե արդյոք մենք ապագայում կապրենք առողջ, էկոլոգիապես կայուն և բարգավաճ կյանքով, թե դատապարտված կլինենք քաղել անհավասարության, շրջակա միջավայրի դեգրադացիայի և տնտեսական անկման պտուղները:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և երիտասարդությունը, որն իր նպաստն է բերում հասարակության բարեկեցությանը», - նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը՝ «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» ենթավերնագրված զեկույցի նախաբանում:

Ինչպես նշված է զեկույցում, մենք բազմաթիվ պատճառներ ունենք բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու համար՝ մարդիկ ապրում են ավելի երկար և առողջ ու ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երեխաների կյանք է հաջողվում փրկել: Բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել այս ձեռքբերումներից կամ կյանքի ավելի բարձր որակից, որը դրանք ենթադրում են: Հսկայական անհավասարություններ կան ինչպես երկրների միջև, այնպես էլ բուն երկրներում: Բացի այդ, անհավասարություններ կան նաև տղամարդկանց և կանանց, աղջիկների ու տղաների իրավունքների և հնարավորությունների միջև: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նախանշել զարգացման այնպիսի ուղեգիծ, որը կնպաստի հավասարությանը, այլ ոչ թե կսրի կամ կմեծացնի անհավասարությունը:

Յոթ միլիարդի եզրագծին հասնելը «կարելի է դիտարկել որպես խնդիր, հնարավորություն և գործողության կոչ», - ասել է դոկտոր Օսոտիմեհինը Լոնդոնում զեկույցի ներկայացման ժամանակ: Զեկույցի շնորհանդեսը միաժամանակ անցկացվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում: