26 հոկտեմբերի 2011 - 19:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության ԳԱ-ն կամրապնդի ՀՀ դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Դելանոեին վերջին տասնամյակի ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար` մասնավորապես կարևորելով Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում` Ելիսեյան դաշտերի հարևանությամբ, Կոմիտասի արձանի բացումը, Երևանի պուրակի բացումը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետարանում արդեն ավանդական դարձած ամենամյա ընդունելությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Փարիզի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին։

Բերտրան Դելանոեն իր հերթին ասաց, որ ինքը ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան և վստահ է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը առավել կխորացնեն կապերը մեր երկու մայրաքաղաքների, երկրների ու ժողովուրդների միջև։

Կողմերը նաև կարևորեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երևանում անցկացվող տարեկան նիստը, վստահություն հայտնելով, որ այն նաև մեծապես կամրապնդի Հայաստանի դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում։

ՖՈՏՈՇԱՐՔ