26 հոկտեմբերի 2011 - 19:47 AMT
Ղուկաս Պողոսյան. Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, որոնք աջակցում էին մեզ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Ղուկաս Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցել են Անդորրայի հետ հանդիպման և Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ դուրս գալու մասին:

Հովհաննիսյանը, որը ԵԱ ընտրական մրցաշարի երեք հանդիպումներում երեք գոլի հեղինակ է դարձել, ասել է, որ Անդորրայի հետ առաջին խաղակեսում իրենք չկարողացան օգտագործել ճիշտ պահերը, քանի որ հակառակորդը մշտապես լավ էր պաշտպանվում: «Ես շնորհավորում եմ բոլոր հայերին, մեզ հաջողվեց դուրս գալ հաջորդ փուլ, բայց մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի էլիտ-ռաունդում ավելի լավ խաղ ցույց տանք: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի կրկին հաջորդ փուլ անցնենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Պողոսյանի խոսքով` հակառակորդն ազատ գոտիներ չէր թողնում, իսկ 11 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմի դեմ խաղալը շատ դժվար է:

«Մենք շատ էինք ջանում, որպեսզի գոլ խփենք, հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, որոնք բոլոր հանդիպումների ժամանակ աջակցում էին մեզ»,- նշել է ֆուտբոլիստը:

Պողոսյանը գտնում է, որ Հայաստանի հավաքականի համար ամենալարվածը Սլովակիայի հետ հանդիպումն էր (2:1), որովհետև այն մեկնարկայինն էր. «Հույների հետ նորմալ խաղացինք, չնայած, որ մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, արագ գնդակ ընդունեցինք սեփական դարպասը և չկարողացանք հավաքվել»: