26 հոկտեմբերի 2011 - 20:40 AMT
ՀՀ սփյուռքի նախարարը Մարսելի փոխքաղաքապետին պարգևատրել է «Պողոս Նուբար» մեդալով

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությանը` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Չիտեչյանի և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պառակյանի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարը կարևորել է դեսպանի աշխատանքը` «հայերի համար ամենասիրելի պետություններից մեկում, ուր հայ համայնքը օրինակելի է բոլոր առումներով»:

Այնուհետև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն աջակցելու, հայապահպանության գործում զգալի ավանդի, Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ նախարարը Դիդիե Պառակյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Պառակյանը ձեռնարկությունների զարգացման և արտասահմանյան ծրագրերի գծով Մարսելի քաղաքապետի տեղակալն է, Ֆրանսիայի իշխող կուսակցության` «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) անդամ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրենը: Դիդիե Պառակյանի նախաձեռնությամբ իրականացվող աջակցության ծրագրի շրջանակներում բժշկական սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի բուժհիմնարկներին: Նրա միջորդությամբ և աջակցությամբ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարով Գեղարքունիքի մարզում իրականացվել է շուրջ 500 կանանց բժշկական հետազոտություն: Նրա հովանավորությամբ վերանորոգվում է Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: