26 հոկտեմբերի 2011 - 21:28 AMT
Թուրքիայում երկրաշարժի արդեն ավելի քան 470 զոհ կա

Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառում, չորեքշաբթի երեկոյան տվյալներով, երկրաշարժի արդեն 471 զոհ կա, 1650-ը տուժել են, հաղորդում է Թուրքիայի կառավարության արտակարգ իրադրությունների բաժինը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորեքշաբթի առավոտյան երկրաշարժի հաստատված զոհերի թիվը գերազանցել է 460-ը, մոտ 1400-ը տուժել են, գրում է ՌԻԱ Նովոստին:

Փրկարարական աշխատանքները տարերային աղետի գոտում շարունակվում են, նշում է ԱԻ բաժինը:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Տվյալներ այն մասին, թե արդյոք թուրքական իշխանություններն ընդունել են օգնությունը մյուս երկրներից, առայժմ չկա:

Հիմնականում քրդերով բնակեցված Վան գավառում ամենահզոր երկրաշարժերից մեկը գրանցվել է 1976 թվականին: Այդ ժամանակ զոհվեց 3840 մարդ: Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժը տեղի է ունեցել 1999-ին երկրի խիտ բնակեցված հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ աղետին զոհ գնաց 20 հազար մարդ: