27 հոկտեմբերի 2011 - 11:21 AMT
Լեզվաբան ուսանողներին ներկայացրել են ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները

Հոկտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի է ունեցել «Ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները» խորագրով սեմինար, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են տեղեկություններ տիեզերական սանդղակների, աստղագիտական գործիքների, տիեզերական դիտակների, բազմաալիքային աստղագիտության, վիրտուալ աստղադիտարանների, Արեգակնային համակարգի, տիեզերաբանության, արտարեգակնային մոլորակների, արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրերի, պատմա-աստղագիտական հարցերի, ինչպես նաև գիտության մեջ միջազգային համագործակցության մասին: Այս մասին հայտնում են Հայկական Աստղագիտական ընկերությունից։

Սեմինարը կազմակերպել էր ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կազմում գործող ուսանողական գիտական ընկերությունը: Սեմինարից հետո 30 հոգուց բաղկացած ուսանողական խումբը մեկնել է Բյուրականի աստղադիտարան և այցելել խոշորագույն` 2.6մ հայելիով աստղադիտակ, որտեղ ծանոթացել է դիտակի կառուցվածքին և աշխատանքին, ինչպես նաև նրանով իրականացվող գիտական ծրագրերին: ԵՊԼՀ ուսանողական գիտական ընկերությունը նախատեսում է անցկացնել նմանատիպ միջոցառումների շարք: