27 հոկտեմբերի 2011 - 18:21 AMT
Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողներին ներկայացրել է ընկերության գործունեության փորձը, կառավարման մշակույթը և կորպորատիվ պատասխանատվության հայեցակարգը:

Հանդիպման ընթացքում նա խոսել էՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության թեմաների շուրջ և պատասխանել է ներկաների հարցերին:

«Այսօր մենք ապրում ենք գիտելիքի էկոնոմիկայի գերակայության ժամանակարշրջանում: Տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու նշանակությունը գնալով ավելանում են: Իբրև Հայաստանի բջջային օպերատոր, մենք պետք է ներդրումներ կատարենք Հայաստանի բուհական համակարգում` մեր փորձն ու գիտելիքները ուսանողներին փոխանցելու ճանապարհով»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Նա մեկ անգամ ևս հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում:

Համալսարանի և ընկերության միջև համագործակցության նոր սկիզբ դրվեց ստորագրված փոխգործակցության հուշագրով: Ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: