
Հոկտեմբերի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել երեք քաղաքացիներից` Էջմիածին-Երևան և Աբովյան-Երևան ուղղություններով ուղևորափոխադրումների դադարեցման վերաբերյալ: Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ նա անմիջապես պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Կարեն Անդրեասյանը նախարարությունից պահանջել է ուսումնասիրել քաղաքացիների ներկայացրած տեղեկություններն ու դրանք հիմնավորվելու դեպքում հաստատված չվացուցակների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ միջոցառումներ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան նախարարի կողմից հաստատվել է ուղևորափոխադրումներ չիրականացվելու փաստը, որի հետևանքով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախազգուշացվել են բոլոր (այդ թվում` Էջմիածին և Աբովյան քաղաքները սպասարկող) փոխադրող կազմակերպությունները: Միաժամանակ հայտնվել է, որ նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:
Դրական գնահատելով իրավասու պետական մարմնի նման արձագանքը` Պաշտպանն այնուամենայնիվ մտահոգված է հանրապետական երթուղիներում հանրային տրանսպորտի աշխատանքի խափանման և ուղևորափոխադրումների խոչընդոտման նման դրսևորումներով և առաջարկում է բոլոր փոխադրող կազմակերպություններին զերծ մնալ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը խոչընդոտելու ցանկացած փորձից և օրենքով սահմանված պահանջների խախտումներից: