28 հոկտեմբերի 2011 - 12:46 AMT
Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամ-երկրների առջև դրված խնդիրների հաջող իրագործումն աջակցելու է ԱՊՀ երկրների տրանսպորտային համակարգերի ինտեգրմանը, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը մասնակիցների համար ընթերցեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։ Երկաթուղային տրանսպորտի ոլորտում կառուցողական համագործակցությունը մերձեցնում է ժողովուրդներին և նպաստում նրանց բարեկեցության զարգացմանը։ «Դա հանգեցնում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության զարգացմանը՝ նպատակ ունենալով ստեղծել արդյունավետ, անվտանգ և մրցունակ միջպետական տրանսպորտային համակարգ»,- ասել է նախարարը՝ մեջբերելով նախագահի ուղերձը հոկտեմբերի 28-ին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստին։

Ինչպես ասվում է ՀՀ նախագահի ուղերձում, Հայաստանը, ընկած լինելով հիմնական տրանսպորտային միջանցքների խաչմերուկում, լուրջ պոտենցիալ ունի տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար։ «Հայաստանն իր առջև դնում է «Հյուսիս-Հարավ» երկաթուղու շինարարության հավակնոտ պլանների իրագործում»,- ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը բացվել է Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվել է խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):

Նիստի ժամանակ խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթևեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիայի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:

Երևանյան նիստը, որն իր աշխատանքներն ավարտելու է հոկտեմբերի 29-ին, ուղիղ հեռարձակվեկու է «ՀԿԵ» կայքէջում: Միջոցառման պաշտոնական գործընկերն է «ԱրԱրԱտ» Երևանի կոնյակի գործարանը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: