28 հոկտեմբերի 2011 - 10:52 AMT
Երևանի քաղաքապետը հեռանո՞ւմ է «Գազպրոմի» վարչության փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, քանի որ նրան առաջարկել են զբաղեցնել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալի պաշտոնը: Ինչպես գրում է «Հայոց աշխարհը», Կարապետյանի հրաժարականի մասին դիմումն արդեն ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Կարեն Կարապետյանն առաջիկայում արդեն կմեկնի Ռուսաստան:

Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Կարապետյանը «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս: Մնացած 20 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը:

Երևանի քաղաքապետարանում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ խորհուրդ տալով դիմել այդ հարցով երկուշաբթի օրը:

Որպես քաղաքապետի պաշտոնի թեկնածու շրջանառվում է ՀՀ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը: