Նորայր Կասպերը ճանաչվել է Անթալիայի կինոփառատոնի լավագույն օպերատոր

Նորայր Կասպերը ճանաչվել է Անթալիայի կինոփառատոնի լավագույն օպերատոր

PanARMENIAN.Net - Հայազգի բեմադրող օպերատոր Նորայր Կասպերը Անթալիայի 48-րդ «Ոսկե Նարինջ» միջազգային կինոփառատոնում արժանացել է «լավագույն օպերատոր» մրցանակին «Զեննե պարող» ֆիլմի համար (ռեժ. Մեհմետ Բինայ եւ Չաներ Ալպեր): Փառատոնը կայացել է հոկտեմբերի 8-14-ը: Փառատոնում, ընդհանուր առմամբ «Զեննե պարող»-ն ստացավ նաև Կինոքննադատների միության Լավագույն ֆիլմ մրցանակը, ինչպես նաև Լավագույն առաջին ֆիլմ, Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի մրցանակները:

«Զեննե պարող»-ն առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որն անդրադառնում է Թուրքական բանակում համասեռամոլների նկատմամբ տեղի ունեցող ստորացուցիչ վերաբերմունքին: Ահմետ Յիլդիզը 26 տարեկան էր, երբ սպանվեց: Ահմետի հորը դատում են հեռակա կարգով` որդու ենթադրյալ սպանության մեղադրանքով, սակայն նրան հաջողվում է 3 տարիների ընթացքում խուսափել պատժից:

Անթալիայի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր տեղական ալիքներով և Եվրոպական NTV հեռուստաալիքով: Վիպասան Էլիֆ Սաֆակը «Զեննե պարող» ֆիլմը մեկնաբանել է որպես ¦արտասովոր և հիանալի մի կինոնկար, որը հաղորդակից է դառնալու մեր ինքնագիտակցությանը»:

Համառեժիսոր Մեհմետ Բինայը, ստանալով մրցանակը Նորայր Կասպերի փոխարեն, շնորհակալություն հայտնեց նրանից ֆիլմում յուրօրինակ գեղանկարչական պատկեր ստեղծելու համար:

Անթալիայի «Ոսկե Նարինջ» կինոփառատոնում 2009թ. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---