28 հոկտեմբերի 2011 - 15:03 AMT
Կոկա-կոլայի տարայի վրա սպիտակ արջի պատկեր կհայտնվի

Կոկա-կոլան պատրաստվում է փոխել տարայի գույնը: 2011թ. նոյեմբերից մինչ 2012թ. փետրվարը ժողովրդականություն վայելող ըմպելիքը կվաճառվի նոր տարայով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Արա Բրուտյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Արկտիկայի սպիտակ արջերի պահպանմանն ուղղված ակցիան կվերաբերի Կոկա-կոլայի ներկայության խոշոր շուկաներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի շուկային, ապա, ըստ նրա, ընկերությունը դեռևս մտադիր չէ նման ակցիա անցկացնել:

Կոկա-կոլայի տարային ձևավորումը չի փոխվել 1922 թվականից: Այժմ բանկաները կլինեն սպիտակ գույնի, ներքևի մասում ունենալով սպիտակ արջի պատկեր, սակայն ընկերության լոգոտիպը նախկինը կմնա՝ կարմիր: