28 հոկտեմբերի 2011 - 17:43 AMT
Քննարկում. Կրպակների ապամոնտաժման հարցը շարունակում է մնալ օրակարգում

Հանրային խորհուրդն այսօր նախաձեռնել էր քննարկում կրպակների ապամոնտաժման հարցի վերաբերյալ։ «Բավական խնդրահարույց հարց է։ Մի կողմից իսկապես խնդիրներ են ծագում քաղաքի տեսքի հետ կապված, մյուս կողմից՝ այսպիսի սոցիալական լարված պայմաններում մեծ թվով մարդիկ կզրկվեն իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից»,- քննարկման բացման խոսքում ասաց Արշակ Սադոյանը։

Նա նշեց, որ հույս ունեն իրենց համեստ հնարավորությունների շրջանակում պայմաններ ստեղծել, որ սկսվի բանակցային գործընթաց քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որում հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։ «Ուզում եմ բոլորի ուշադրությունը սևեռել նրա վրա, որ նախընտրական տարի է, և որոշ քաղաքական ուժեր արհեստականորեն փորձում են լարվածություն ստեղծել»,- ասաց Սադոյանը։

Կրպակատերերը քննարկման ժամանակ ներկայացրեցին իրենց անփոփոխ պահանջները՝ կրպակների ապամոնտաժման դադարեցում, հողի վարձակալության երկարաժամկետ պայմանագրերի կնքում, կրպակների օրինականացում, արդիական տեսքի բերելու համար համապատասխան թույլտվություն։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ միանշանակ համաձայն է բանակցություններ սկսելու առաջարկին. «Մենք ևս ԱԺ-ում կամ դրանից դուրս խնդրի միակ լուծումը տեսնում ենք միմյանց լսելու, իրար հետ խոսելու մեջ։ Շատ կարևոր է խնդրի ոչ միայն ընդհանուր կողմը հասկանալը, այլև առանձին դեպքերի ուսումնասիրումը»։