28 հոկտեմբերի 2011 - 17:47 AMT
Մոնպելիեի ակադեմիան կհամագործակցի ԵՊՀ-ի, ֆրանսիական և Ագրարային համալսարանների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը:

Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է. "Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում":

Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք. Ֆիլիպին նշել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսիական համալսարանի և Հայաստանի այլ բուհերի` մասնավորապես ԵՊՀ-ի և Ագրարային համալսարանի հետ: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը և ընդգծել միջբուհական համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող այլ հարցեր: