28 հոկտեմբերի 2011 - 18:39 AMT
ՀՀ վարչապետը վստահ է, որ աշխատանքը ԵՄ փորձագետների հետ բարեփոխումների ճանապարհին դրական արդյունքներ կտա

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 28-ին կառավարությունում ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հարթիկայնենի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նպաստել խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: «Խորհրդատվական խումբը պետք է օգնի մեզ` Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում: Մենք ակնկալում ենք ձեր մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությունը` տարբեր ուղղություններով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցիացման համաձայնագրերի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների համալիր կառավարման և այլ ուղղություններով իրականացված համատեղ միջոցառումները:

Ամփոփելով հանդիպումը` վարչապետը կարևորել է խորհրդատվական խմբի և Հայաստանի պետական կառավարման մարմինների միջև համագործակցության զարգացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ են հստակ լուծումներ` կոնկրետ խնդիրների վերացման համար: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդատվական խմբի հետ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները: