28 հոկտեմբերի 2011 - 19:31 AMT
Հրանտ Բագրատյան. Կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջերս մարազմատիկ բնույթ է կրում

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրուկ քննադատել է ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: «Կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջերս մարազմատիկ բնույթ է կրում»,- հայտնել է նա:

Իր ելույթում Բագրատյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի ԱԷԿ-ի խնդրին, այն է` աշխատակիցների գործադուլին, ինչպես նաև 2012թ. պետբյուջեին և կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշներին: Նա մեղադրել է կառավարությանը` նշելով, որ այդ թվերը հնարած են, և որ անգամ կառավարության ցույց տված տնտեսական աճը ձեռք է բերվում հիմնականում լեռնահանքային արդյունաբերության հաշվին:

Սեպտեմբերին ԱԷԿ-ի մոտ 160 աշխատակիցներ հրաժարականի դիմում տվեցին` պահանջելով բարձրացնել աշխատավարձերը 50 տոկոսով: Հոկտեմբերի 24-ին էներգետիկայի նախարարն առաջարկեց աշխատավարձը բարձրացնել 10 տոկոսով, գործադուլավորները համաձայնեցին, հետ վերցրեցին իրենց դիմումները և վերադարձան աշխատատեղեր: