28 հոկտեմբերի 2011 - 21:06 AMT
ԲՈՒՀ ընդունվելու համար տարբեր միջոցներ ձեռնարկելը հասարակության 40 տոկոսը նորմալ երևույթ է համարում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Մամուլի ազգային ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում. մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարաներ» թեմայով քննարկմանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում ընթացող բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է՝ ըստ Բոլոնիայի քարտուղարության 2010 թվականի զեկույցի, բարեփոխումների իրականացման արդյունավետությամբ Հայաստանը գրավում է միջանկյալ դիրք: «Վերջին երկու-երեք տարիների նախարարության գործունեությունը միտված է եղել բարեփոխումներին նոր շունչ հաղորդելուն»,- նշել է նախարարը և հավելել որ Բոլոնիայի վերջնանպատակների ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվական:

Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի ներդրմամբ պայմանավորված խնդիրներին` նախարարը նշել է. «Նշված բոլոր բարեփոխումները ավարտված են ֆորմալ առումով, սակայն իրականության մեջ դեռևս խնդիրներ շատ կան: Մասնավորապես ներդնելով եռաստիճան կրթական համակարգ, կրթության բովանդակությունը ոչ բոլոր ծրագրերով է թարմացվել»:

Մատնանշելով միջազգային կազմակերպությունների իրականացրած սոցոլոգիական հարցումները` Ա.Աշոտյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, մեր հասարակության 40 տոկոսը նորմալ է վերաբերվում և կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, երբ բուհ ընդունելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկվում: «Սա կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից սարսափելի ցուցանիշ է»,- նշել է Ա. Աշոտյանը:

ԲՈՒՀ ընդունվելու համար տարբեր միջոցներ ձեռնարկելը հասարակության 40 տոկոսը նորմալ երևույթ է համարում