28 հոկտեմբերի 2011 - 21:12 AMT
«Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովին» մասնակցելու է շուրջ 250 սրտաբան

Վաղը ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ սրահում տեղի կունենա «Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը»: Համաժողովին մասնակցելու է շուրջ 250 սրտաբան Հայաստանից, Արցախից, աշխարհի մի շարք պետություններից` Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Իրանից եւ Անգլիայից:

Համաժողովին հրավիրված են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես կգան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Համաժողովը սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոկտմեբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ:

Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը: