28 հոկտեմբերի 2011 - 22:04 AMT
ՀԱԿ-ը պատրաստվում է հաղթել հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրություններում

Այսօր` հոկտեմբերի 28-ին` երեկոյան 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ամենասակավաթիվ հանրահավաքն այս տարում: Ոստիկանության տվյալներով, հրապարակում ներկա է եղել 4000-5000 մարդ: Սա բլոկի առաջին հանրահավաքն է հոկտեմբերի սկզբին 8-օրյա բողոքի ակցիաներից հետո:

Լռության րոպե

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեից, որով մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերին: Իր խոսքում Կոնգրեսի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 12 տարի առաջ` 1999 թվականին, Հայաստանի ԱԺ-ում ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, գնդակոծեց պատգամավորներին, այդ թվում` Կարեն Դեմիրճյանին, ինչպես նաև կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանին: Փաշինյանը բոլոր հավաքվածներին կոչ արեց լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել այդ օրվա զոհերի հիշատակին: Փաշինյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները զավթեցին ԱԺ-ն, կառավարությունը վերածեցին անողնաշար կառույցի, նախագահական նստավայրը վերածեցին վաճառքի հանված սուպերմարկետի, կազմակերպեցին 2008թ. մարտի 1-ը Երևանի կենտրոնում` կրակ բացելով խաղաղ բնակչության վրա և «Նաիրի Հունանյանի պես ամեն երեկո հեռուստաէկրաններից մեր տուն են խուժում և գնդակոծում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունն ու հույսերը»: Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատի առջև ճիշտ այնպես, ինչպես կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին և Քադդաֆին:

Կարեն Կարապետյանն օրինակ է Սերժ Սարգսյանի համար

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հրաժարականը: «Որքան այդ հանցավոր վարչակարգի ներկայացուցիչները շուտ և արագ հրաժարական տան ու հեռանան, այնքան լավ և' երկրի, և' նրանց համար»,- նշել է նա` ընդգծելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին: ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն իր հերթին նախագահին կոչ է արել հետևել Կարեն Կարապետյանի օրինակին` հավելելով, որ նման հրաժարականները տղամարդկության վկայություն են:

Հրանտ Բագրատյանը և տնտեսական աճը

Փաշինյանի խոսքից հետո հանդես է եկել Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը կտրուկ քննադատել է ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: «Կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջերս մարազմատիկ բնույթ է կրում»,- հայտնել է նա: Բագրատյանը մեղադրել է կառավարությանը` նշելով, որ այդ թվերը հնարած են, և որ անգամ կառավարության ցույց տված տնտեսական աճը ձեռք է բերվում հիմնականում լեռնահանքային արդյունաբերության հաշվին:

Արամ Մանուկյանը Սերժ Սարգսյանի հաճախորդների մասին

«Այժմ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական խնդիր` Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- հայտնել է ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով` ոչ մի քաղաքական ուժ չի կարող խուսափել պատասխանից այդ հարցին և պետք է կողմնորոշվի, թե ում հետ է:

«Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում կողմնորոշվել` կա'մ դուք Սարգսյանի հրաժարականի կողմից եք, կա'մ նրա հաճախորդն եք»,- հավելել է նա:

Մանուկյանը նաև ցուցարարներին կոչ է արել չանհանգստանալ մասնակիցների սակավաթվության կապակցությամբ` հաղորդելով, որ իշխանություններն էլ ավելի են խստացրել ճանապարհների արգելափակումը, որպեսզի որքան հնարավոր է քիչ մարդ կարողանա մասնակցել հանրահավաքին:

Ժողովրդական ճնշումը և նախագահի հրաժարականը

Ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ` Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իշխանությունները գիտակցաբար տապալեցին քաղաքական երկխոսության գործընթացը, որը պետք է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության բերեր:

Այս կապակցությամբ նա նկատել է, որ «փափուկ անցումը ժողովրդավարությանը փոխարինվել է թավշե հեղափոխության մեթոդով»: Նրա խոսքով` ՀԱԿ-ը ծրագրում է ժողովրդական ճնշման միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Զուրաբյանի կարծիքով` դրա համար կա երկու ճանապարհ` հանրահավաքների, երթերի և պիկետների միջոցով ուղղակի ժողովրդական ճնշում նախագահ Սարգսյանի վրա, ինչը պետք է նրան ստիպի հրաժարական տալ: Եվ երկրորդը` ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն (նախագահի հրաժարական ծանր հանցագործություն կատարելու կամ հայրենիքը դավաճանելու համար) առանձին պատգամավորների կամ քաղաքական կուսակցությունների օգնությամբ` «ժողովրդական ճնշման հետ մեկտեղ» ԱԺ-ում նախաձեռնել նախագահի հրաժարականը:

Նրա խոսքով, այժմ ինքնին իշխանության մեջ կան խնդիրներ, և «իշխանության բուրգի ճաքերը երևում են անզեն աչքով»:

«ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի նախագահ Սարգսյանի հրաժարականի համար ժողովրդական բողոքի աննախադեպ ալիք ստեղծի»,- ամփոփել է Զուրաբյանը:

ՀԱԿ-ը և հերթական ընտրությունները

Հանրահավաքի ավարտին ելույթ է ունեցել ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ցուցարարներին կոչ է արել պատրաստ լինել մասնակցելու հերթական խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո հասնել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Եթե, այնուամենայնիվ, հաջողվի հասնել արտահերթ ընտրությունների, ապա Կոնգրեսը պետք է պատրաստ լինի ընտրություններից անմիջապես հետո ԱԺ-ում ինքնուրույն կամ այլ քաղաքական ուժերի հետ միասին հասնել նախագահի հրաժարականին»,- նկատել է նա: Այս կապակցությամբ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ն արդեն վաղվանից պետք է լուրջ վերաբերվի առաջիկա ընտրությունների խնդրին:

Նրա խոսքով` անգամ հիմա անզեն աչքով երևում է, որ ներքաղաքական պայքարը թևակոխում է որոշիչ, այսինքն` նախընտրական փուլը: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը ձեռնարկելու է ամեն հնարավոր բան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, «սակայն, ցավոք, ամեն ինչ չէ, որ Կոնգրեսից է կախված»:

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև ընտրությունների նախապատրաստման որոշ տեխնիկական կողմերին` նշելով, որ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է մոտ 500 հազ. մարդ բացառել ցուցակներից, ում շնորհիվ իշխանություններն ապահովում են իրենց հաղթանակը: Նրա խոսքով` առանց դրա ընտրական օրենսգրքի ոչ մի փոփոխություններ չեն օգնի:

ՀՀ նախկին նախագահի խոսքով` պայքարն իր վերջին դինամիկ փուլն է մտնում: «Այսօր սկիզբ է դրվում մեր վերջնական հաղթանակին, և ես համոզված եմ, որ այս անգամ ժողովուրդը բաց չի թողնի հաղթանակն իր ձեռքից»,- ասել է նա: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանը հավելել է, որ իր վստահությունը հիմնվում է այն բանի վրա, որ այսօրվա իշխանությունն այն չէ, ինչ 4 տարի առաջ էր: «Դուք միակ ժողովուրդն եք, որն ընտրություններից չորս տարի անց նույն եռանդով և վճռականությամբ պայքարում է իր իրավունքների համար»,- ընդգծել է Կոնգրեսի ղեկավարը:

Տեր-Պետրոսյանի խոսքով` հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ: ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Ինչպես նշել է ՀԱԿ-ի առաջնորդը, հերթական հանրահավաքի ժամանակ կներկայացվեն ընդդիմադիրների հաջորդ քայլերը:

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել երթով անցնել Երևանի կենտրոնական փողոցներով: Հանրահավաքի մասնակիցները երթով անցել են քաղաքի փողոցներով` վանկարկելով կարգախոսներ և պահանջելով նախագահի անհապաղ հրաժարականը, որից հետո ցրվել են տներով: