29 հոկտեմբերի 2011 - 14:33 AMT
Ֆուկուսիմայի ապաակտիվացված հողն ամբողջությամբ ոչնչացնելու համար կպահանջվի շուրջ 30 տարի

Ֆուկուսիմայի ապաակտիվացված հողն ամբողջությամբ ոչնչացնելու համար կպահանջվի շուրջ 30 տարի: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի միջուկային վթարի հետևանքների վերացման ու կանխարգելման պետնախարար Հոսի Խոսոնոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Շաբաթ օրը նախարարը հանդիպել է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի իշխանությունների հետ: «Ակնհայտ է, որ առանց մյուս պրեֆեկտուրաների իշխանությունների օգնության, մեզ չի հաջողվի դա անել»,-ասել է Խոսոնոն:

Այժմ ճապոնացի մասնագետներն ու կամավորները ակտիվ աշխատանք են տանում վարակված հողի ապաակտիվացման ուղղությամբ, «կտրելով» վերին շերտը: Հետո այդ շերտերը տեղափոխում են հատուկ պահոցներ, որտեղ դրանք կոչնչացվեն առաջիկա 30 տարում: Դա շատ ծախսատար գործողություն է:

Սակայն, հողը հնարավոր չէ լիովին մաքրել ու կրկին օգտագործել, ուստի այն պետք է վերացվի: Իսկ ճապոնական կառավարության հիմնական խնդիրը ռադիոակտիվ հողի պարփակման վայրերի հարցն է:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը: