Տիգրան Սարգսյանը վստահ է՝ կառավարական ծրագրի շնորհիվ Հայաստանը միջազգային ասպարեզում կգրավի իր ուրույն տեղը

Տիգրան Սարգսյանը վստահ է՝ կառավարական ծրագրի շնորհիվ Հայաստանը միջազգային ասպարեզում կգրավի իր ուրույն տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապացուցել է, որ ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ, քաղաքական կամք` իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար, ինչպես նաև շտկելու բացթողումներն ու թերությունները, որոնք դեռևս առկա են, ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հանրապետականն այն կուսակցությունն է, որը ոչ միայն անցնող 4 տարիների, այլև սկսած 1999 թվականից Հայաստանում տնտեսական քաղաքականությունն իրականացնող հիմնական միավորն է: Ես վստահ եմ, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունն իրականացնում է հստակ և հետևողական տնտեսական ծրագիր, որի շնորհիվ մեր երկիրը միջազգային ասպարեզում կգրավի իր ուրույն տեղը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովելով բարեկեցիկ և արժանավայել կյանքի մակարդակ»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ ՀՀԿ կողմից առաջին տնտեսական համաժողովի անցկացումը նպատակ ունի կուսակցության անդամներին, գործընկերներին և հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը: Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության կոալիցիոն կառավարությունը տնտեսական քաղաքականությունն իրականացնում է` առաջնորդվելով երեք հիմնարար փաստաթղթերով: Դրանք են` 2008 թվականի Հանրապետության Նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, երկրորդ` 2008 թվականի քաղաքական կոալիցիայի հուշագիրը և երրորդ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագիրը:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է ՀՀԿ կողմից առաջին տնտեսական համաժողովի անցկացումը, քանի որ Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքական կուսակցությունը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, ինչը «քննարկումների համար նոր հարթակ է և կարող է ձևավորել կուսակցական գործունեության նոր մշակույթ»: «Երկրորդ` Հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերանսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները»,- ընդգծել է նա: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ երկրին հաջողվել է մեղմացնել ճգնաժամի հետևանքները, շարունակել երկրի տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացիան, կյանքի կոչել հիմնարար փաստաթղթերում ամրագրված հիմնական դրույթները:

Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը:

13  30.10.11 - Մեկնարկեց ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---