31 հոկտեմբերի 2011 - 12:42 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք կարող ենք առաջին տեղում ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

Նոյեմբերի 1-ին Դոնեցկի «Շախտյորը» Սանկտ Պետերբուրգում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալու է «Զենիթի» դեմ։ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ նրանք պայքարելու են մինչև վերջին վայրկյանը։

«Զենիթը» շատ լավ է գործում հակագրոհներում, արագ անցում է կատարում պաշտպանությունից հարձակման։ Այդ հաղթաթղթերի հաշվին էլ նա հասել է ոչ ոքիի Դոնեցկում տեղի ունեցած խաղի ժամանակ։ Բայց հիմա խմբում իրավիճակն այնպիսին է, որ չի կարելի ոչինչ կանխագուշակել. մենք լիովին կարող ենք ավարտել խմբային փուլն առաջին տեղում, իսկ ԱՊՈԵԼ-ը՝ վերջին»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Մխիթարյանի խոսքով, այդ խաղը նրանց համար շատ կարևոր է, և շատ բան որոշվելու է նրանից հետո։ «Շախտյորը» G խմբում 2 միավորով եզրափակում է աղյուսակը, խմբի առաջատարը ԱՊՈԵԼ-ն է 5 միավորով։ «Զենիթն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։ Առաջին խաղում «Շախտյորը» և «Զենիթը» ոչ ոքի են խաղացել՝ 2։2։