31 հոկտեմբերի 2011 - 13:32 AMT
Վազգեն Սաֆարյան. Կառավարության մշակած նոր հարկային փաթեթը կնպաստի ստվերային տնտեսության աճին

2012-ին պետբյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը մշակել և խորհրդարան է ներայացրել հարկային փոփոխությունների նոր փաթեթ։ Ինչպես հայտնել է լրագրողներին հոկտեմբերի 31-ին մամլո ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, արդեն հայտնի են դրա դրույթները, սակայն դա ուղղված չէ տնտեսության զարգացմանը և խորը անհանգստություն է հարուցում տնտեսվարող սուբյեկտների մոտ։ «Մենք կարծում ենք, որ հարկային փաթեթը չի կարելի ներկայացնել պետբյուջեի հաստատումից մեկ ամիս առաջ, անհրաժեշտ էր դա անել կես տարի առաջ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները կարողանան համադրել իրենց հնարավորությունները»,- ասել է նա։

Մասնավորապես, Միության նախագահը բերել է հարկային վարչարարության որոշ օրինակներ, այդ թվում՝ սոցվճարումները, որոնք 7000 դրամից դառնալու են 9000 դրամ, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում տնտեսվարող սուբեկտների համար և հանգեցնում ստվերի ավելացման։ Բացի դրանից, կառավարությունն առաջարկում է հավասարեցնել ալկոհոլային արտադրանքի գծով ակցիզային հարկի տոկոսադրույքները տեղի արտադրողների և ներկրողների համար։ Դրա հետ կապված՝ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ այդ հարկային նախաձեռնությունը կրելու է սոցիալական բնույթ, քանի որ հարկային բեռ է լինելու սպառողների համար։

Անդադառնալով հարկային ստուգումներին՝ Հայրենական արտադրողների միության նախագահը նշել է, որ կառավարությունն ընդլայնել է տեսուչների լիազորությունը, երկու անգամ ավելացրել է տուգանքների չափսը։ Վազգեն Սաֆարյանին ամենաշատն անհանգստացնում է այն, որ լեռնահանքային արտադրանքի խտանյութերը արտահանման դեպքում հարկադրվելու են լրացուցիչ մաքսահարկով 10 տոկոսի չափով, ինչը զգալիորեն ազդելու է այդ արտադրանքի արտահանման ծավալների վրա, որի բաժինը Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում էական է։