31 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT
Անտոն Նոսիկ. Կար ժամանակ, երբ Ռուսաստանում բոլոր ինտերնետ նախագծերն արվում էին մեկ մարդու կողմից

Կար ժամանակ, երբ Ռուսաստանում բոլոր ինտերնետ նախագծերն արվում էին մեկ մարդու կողմից։ Այս մասին պատմեց ռուսական ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկը «Երևանյան վեբ-հանդիպումներ» (Yerevan Web Meetings) նախագծի շրջանականերում իր վարպետության դասի ժամանակ։ Անտոն Նոսիկը ստեղծել է այնպիսի հայտնի լրատվական կայքեր, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն, Newsru.com-ը:

Անտոն Նոսիկը պատմեց Lenta.ru-ի ստեղծման և մինչ օրս հաջող գործելու մասին։ «Բազմաթիվ վեբ-նախագծեր այսպես են ստեղծվել՝ մի քանի հոգի մի սենյակում գաղափարներ են ունեցել, գտել են գրաֆիկա անող, գրող և ծրագրավորող և ստեղծել են հետագայում հայտնի դարձած նախագիծ։ Դրա ամենավառ օրինակը Rambler-ն էր: Նույն կերպ ստեղծվել է Amazon-ը։ Lenta.ru-ն էլ է այդ թվին պատկանում։ Միտք եմ ունեցել, գտել եմ դիզայներ, հետո լուր գրող և ծրագրավորող։ Lenta.ru-ն ծնվել է էքսպերիմենտների արդյունքում։ Սկզբնական աշխատակազմը 9 հոգուց է բաղկացած եղել, բոլորս ոչ միայն գրում էինք, այլև նկարներ պատրաստում տարբեր չափսերով»,-ասաց նա։

Նրա խոսքով մինչ 1998-ի օգոստոսը ռուսական ինտերնետ աշխարհում ամենահայտնի և շատ օգտագործող ունեցող կայքերը Rambler-ն էր և անեկդոտների պորտալը։

Ըստ Անտոն Նոսիկի, հասարակությունը դարձել է ինֆորմացիոն հասարակություն։ «Մենք ստեղծեցինք կայք, որը կարդալու համար պետք չէր վճարովի բաժանորդագրություն, այն բոլորի համար էր, այն կարդում էին անգամ տնային տնտեսուհիները։ Այսօր աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն մեզ էլ է վերաբերում։ Եթե նախկինում Ճապոնիայի երկրաշարժը պարզապես երկրաշարժ էր, ապա այժմ այն նաև նշանակում է, որ մեծ վնաս է հասցվել համակարգիչ կամ չիպ արտադրողներին»,-նշեց նա։

Նրա խոսքով, Lenta.ru-ն ընտրել է ճիշտ տեմպ և տվել ընթերցողներին այն արտադրանքը, որը որ ընթերցողն է ցանկացել։ Նրանք պարբերաբար հետևել են վիճակագրությանը, փորձարկումներ արել ընթերցողների հետ, հասկացել, թե ինչ է ուզում ընթերցողը և այդպես հաջողության հասել։

Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:ՙ

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու և Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի վարպետության դասընթացները։