1 նոյեմբերի 2011 - 09:12 AMT
Դավիթ Բաբայանը խորհուրդ է տալիս պատրաստվել առավել արգելակմանը ղարաբաղյան հակամարտությունում

Ադրբեջանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխի ՄԱԿ-ի հարթակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Սակայն այլ հարց է` արդյոք դա նրա մոտ կստացվի, թե ոչ, և որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նա` հավելելով, որ համարում է, որ Բաքուն, որքան էլ ջանա, չի կարողանա ղարաբաղյան հիմնահարցը տեղափոխել ՄԱԿ: «ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ադրբեջանի գլխավոր նպատակը լինելու է բանակցային գործընթացի նոր ուղղության ստեղծումը` ներգրավելով Թուրքիան և այլ մուսուլմանական երկրներ: Չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրճվանքի մեջ կլինեն դրանից: Վստահությամբ կարելի է ասել մի բան` պետք է պատրաստվել առավել արգելակմանը ղարաբաղյան հակամարտությունում»,- նշել է նա:

Ադրբեջանն առաջին անգամ պատմության մեջ ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը հավաքել է 155 ձայն: Վերջինիս հետ մրցող Սլովենիան հանել էր իր թեկնածությունը: Այդպիսով, գրանցվել էր միայն Ադրբեջանը: Ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 193 անդամ ունեցող Գլխավոր ասամբլեային ներկա և իրենց կարծիքը հայտնած երկրների ձայների երկու երրորդը

Քվեարկությունից դեռ շատ առաջ Ադրբեջանը սկսել էր ձայներ հավաքագրել՝ փորձելով գնել անդամակցությունը ՄԱԿ ԱԽ-ում: Վերջին մի քանի ամսում Ադրբեջանի ԱԳՆ հրավերով այդ երկիր են այցելել ՄԱԿ-ում ներկայացված մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ, հիմնականում Աֆրիկայի, Խաղաղ օվկիանոսի, Ասիայի ու Կարիբյան ավազանի երկրներից: Այցելուների թվում էին Բանգլադեշի, Բուրկինա Ֆասոյի, Կոնգոյի, Գամբիայի, Լեսոտոյի, Մալդիվյան կղզիների, Նաուրույի, Սոմալիի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների այդ այցերը կապված էին պաշտոնական Բաքվի ցանակության հետ՝ համոզել նրանց, որ կողմ քվեարկեն Ադրբեջանին ԱԽ ոչ պաշտոնական անդամակցության քվեարկության ժամանակ: Ադրբեջանից բացի այդ տեղին հավակնում էին նաև Հունգարիան ու Սլովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես ընդունում են մրցակցության լրջությունը, հաշվի առնելով այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը Ադրբեջանի համեմատ: