1 նոյեմբերի 2011 - 11:18 AMT
Սեյրան Օհանյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ՊՆ ղեկավարությունում առկա են հակասություններ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ՊՆ ղեկավարությունում առկա են հակասություններ։ «Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցան մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին: Եղան նաև բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարևորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաև հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնելում, բնականաբար դրանք ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո±վ ու±մ ու±մից է պաշտպանում:

Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաև պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում և կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա»,- ասել է նախարարը: