1 նոյեմբերի 2011 - 15:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Կարապետյան. Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի

Ալիկ Սարգսյանի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։

Քաղաքական գործչի խոսքով, ոստիկանապետի հրաժարականն իշխանությունների նախընտրական քաղաքականության բաղադրիչն է։ «Մենք նկատում ենք նախընտրական շրջանին բնորոշ նորմալ երևույթներ՝ լի քաղաքական փոփոխություններով»,- նշել է նա։

Միաժամանակ Կարապետյանը հավելել է, որ նման քայլերը, ինչպես նաև ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելը վկայում են բոլոր ուժերը մայրաքաղաքում կենտրոնացնելու իշխանությունների մտադրության մասին։

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:

Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհուրդն իր նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին փոխքաղաքապետ, ներկայումս` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին:

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կարապետյանն իր հրաժարականը հիմնավորել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:

ՖՈՏՈՇԱՐՔ