1 նոյեմբերի 2011 - 17:54 AMT
Աշոտյան. Հայաստանում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում և շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են և թույլ են տալիս բավարարել յուրաքանչյուրի կրթական առանձնահատկությունն ու պահանջը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, կարևորել և պատրաստակամություն է հայտնել նպաստելու համատեղ կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը: Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ծավալվել Հայաստանում ամերիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու հարցի շուրջ:

Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործընթացի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ամերիկյան կողմը կաջակցի այս նախաձեռնությանը: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են արտահայտել ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ: