1 նոյեմբերի 2011 - 20:14 AMT
Դանիայում նույնպես նշեցին ՀՀ անկախության 20-ամյակը

Հոկտեմբերի 29-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա էին Դանիայի կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Դանիայում հավատարմագրված դիվանագետներ, հայ և դանիացի մտավորականներ, գործարարներ:

Համերգից առաջ ելույթ են ունեցել Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և «ԴանԱրմեն» կազմակերպության նախագահ Օլե Մելդգաարդը: Հրաչյա Աղաջանյանն իր խոսքում ներկայացրել է հայկական պետականության ստեղծման ճանապարհին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները: Հայաստանի դեսպանը անդրադարձել է նաև հայ-դանիական հարաբերություններին:

Տոնական համերգին ելույթ են ունեցել մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ Դանիայից` դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, Բելգիայից` ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ինչպես նաև երգչուհի Զառա Ավագյանը, Սանկտ Աննե գիմնազիայի սաները և Էդվարդ Հարությունյանն իր նվագախմբով: