1 նոյեմբերի 2011 - 21:36 AMT
Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ կուսակցությունն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: «Դա շատ պատասխանատու և կարևոր աշխատանք է»,- ընդգծել է Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով` Խորհրդի նիստում դրանից բացի ոչ մի այլ հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականին և այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակմանը, Աբրահամյանն ասել է, որ այդ հարցն այսօր չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել: