2 նոյեմբերի 2011 - 10:51 AMT
Մամլո քարտուղար. Արմեն Գևորգյանը հրաժարական չի տվել

«Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական չի տվել և շարունակում է իր աշխատանքը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Գևորգյանի մամլո քարտուղար Զոյա Բարսեղյանը: Նրա խոսքով` առայժմ փոխվարչապետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ Արմեն Գևորգյանը հրաժարական է տալիս, համապատասխանում է իրականությանը, Բարսեղյանն ասել է, որ նման տեղեկատվություն չի մեկնաբանում:

Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից: Նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականն ու այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը, ասել է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի նոյեմբերի 1-ին կայացած նիստում չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: