2 նոյեմբերի 2011 - 13:04 AMT
ՀԱՊԿ արդեն կգործի ինչպես ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն

Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու ու ՀԱՊԿ ազդեցությունն ուժեղացնելու նոր փորձ է ձեռնարկում:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՀԱՊԿ երկրները համաձայնեցրել են արտաքին քաղաքականության թեմաների ցանկը, որով նրա անդամները այսուհետ հանդես կգան միասնական դիրքերից, ինչպես դա անում են ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ում կասկածում են, որ նման միջոցները կուժեղացնեն ՀԱՊԿ դերը, որը նատոյականներն անվանում են «վիրտուալ կառույց»:

ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքականության ուղղվածության մերձեցման խնդիրը դրվել է օգոստոսի 13-14 Աստանայում կայացած կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Իսկ արդեն սեպտեմբերի 26-ին դաշինքի անդամ պետությունների նախարարներին, որոնք հանդիպեցին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ դաշտում, ներկայացվեց այսպես կոչված հավաքական կարգադրությունների առաջին տարբերակը: ՀԱՊԿ-ին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: