2 նոյեմբերի 2011 - 17:18 AMT
Բելառուսը պատրաստ է հայ գործարարների համար բարենպաստ պայմաններ ապահովել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է մեր երկրի համար բարեկամ և եղբայրական Հանրապետության՝ Բելառուսի հետ կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև համատեղ նոր ծրագրերի իրականացումը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Իգոր Պետրիշենկոն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ջերմ ողջույնները, այնուհետև ներկայացրել երկկողմ ծրագրերի ընթացքն ու հետագա գործընթացները:

Երկուստեք նշվել է, որ հայ-բելառուսական առևտրաշրջանառության մակարդակը և համատեղ նախագծերի ներկայիս քանակը չեն համապատասխանում երկու բարեկամ պետությունների միջև առկա հնարավորություններին: Այս համատեքստում, Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է անցկացնել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կկազմակերպվի նաև բիզնես ֆորում, ինչը կխթանի Հայաստանի և Բելառուսի գործարար հատվածների միջև համագործակցության զարգացումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը: Իգոր Պետրիշենկոն հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են հայ գործարարների համար ապահովել բարենպաստ պայմաններ՝ Բելառուսում ներդրումների իրականացման համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկու պետությունների միջմարզային հարաբերությունների զարգացման, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, մեքենաշինության և այլ ոլորտներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջխաղացում ապահովելու համար: