2 նոյեմբերի 2011 - 18:21 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկել է եվրախորհրդարանականների հետ

Նոյեմբերի 2-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ և ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, նշելով ինչպես նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի անօրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը: Մատնանշվել է երկրում հաստատված համակարգային կոռուպցիան` դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք են իրավական պետության և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, ինչպես նաև կեղծված ընտրությունները:

Պատվիրակության անդամների խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում մամուլի ազատության վիճակին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը: