2 նոյեմբերի 2011 - 21:57 AMT
ՀՀ կառավարությունը 2011թ. 10-ական մլրդ դրամ է հատկացրել յուրաքանչյուր մարզային ծրագրին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքային բյուջեների կատարողականի արդյունքները` նոյեմբերի 1-ի դրությամբ:

Ընդամենը եկամուտների մասով ընթացիկ տարվա 10 ամսվա կատարողականը կազմել է 82,7%, իսկ սեփական եկամուտների կատարողականը` 82,2 %։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,4 %:

Արմեն Գևորգյանը մարզպետներին կոչ է արել համայնքների հետ ամենօրյա աշխատանքներ իրականացնել` մինչև տարեվերջ նախատեսված ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:

Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Մարզպետները տեղեկացրին, որ հիմք ընդունելով «2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը, համայնքներում ընթացքի մեջ են բյուջեների կազմման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշվեց, որ կատարողականը կազմում է 92,7%: Որոշ ծրագրեր շարունակվում են Գեղարքունիքի մարզում, որոնք ավարտին կհասցվեն մինչև նոյեմբերի կեսերը: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում մեկնարկել է երկրորդ ծրագիրը, գրեթե ավարտված են նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:

Յուրաքանչյուր ծրագրի համար այս տարի կառավարության պահուստային ֆոնդից մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 10-ական մլրդ դրամ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հետևել ծրագրի ընթացքին: Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաև մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, բերքահավաքի արդյունքների մասին:

Անդրադարձ եղավ նաև «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի» կողմից համայնքների գազիֆիկացման հետ կապված հարցերին: Փոխվարչապետը հանձնարարեց համապատասխան գրասենյակի հետ քննարկել և կարգավորել համայնքների համաֆինանսավորման հետ կապված հարցերը` ծրագիրն ամբողջությամբ և ժամանակին իրականացնելու համար:

Քննարկվեցին ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի եզրափակիչ միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հոբելյանական միջոցառումները կամփոփվեն նոյեմբերի 10-ին`Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվելիք հանդիսավոր նիստով, որին հրավիրվելու են նաև հանրապետության բոլոր` 915 համայնքների ղեկավարները:

Անդրադարձ եղավ նաև վերջերս Արցախ կատարած աշխատանքային այցին և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: