3 նոյեմբերի 2011 - 09:28 AMT
Հարութ Սասունյան. Ադրբեջանին, միևնույն է, չի հաջողվի ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկել ՄԱԿ ԱԽ օրակարգում

ԱՄՆ հայկական սփյուռքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգում ընդգրկելու` ադրբեջանական իշխանությունների բոլոր ջանքերը կձախողվեն:

Սասունյանի խոսքով` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալով` Ադրբեջանը բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաև ձեռք բերեց նոր մի միջավայր իր անհատնում հայատյաց քարոզարշավներն իրականացնելու համար: «Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պաշտոնատարները կկարողանան իրագործել իրենց կողմից հայտարարված նպատակը. այն է` ընդգրկել Արցախի հիմնախնդիրը Խորհրդի օրակարգում: Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն`Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող մշտական հինգ անդամներից երեքը, բավականին հստակ նշել են, որ այդ խնդրով կզբաղվի միայն Մինսկի խումբը` ՄԱԿ-ի շրջանակներից դուրս»,- ընդգծել է նա:

Սասունյանը գտնում է, որ Ադրբեջանը կարող է նաև մխրճվել խիստ կնճռոտ իրավիճակներում` ստիպված լինելով դիրք բռնել այնպիսի վիճահարույց խնդիրների շուրջ քվեարկելիս, որտեղ ընդգրկված կլինեն Իրանը, Իսրայելը, Սիրիան և այլք:

Ինչ վերաբերում է այդ հարցի վերաբերյալ հայկական դիրքորոշմանը, Սասունյանը գտնում է, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ դրսևորի այն, թեև ընդհանուր առմամբ Ադրբեջանի անդամակցությունը ոչ մի լուրջ հետևանքներ չի կարող ունենալ:

Ադրբեջանը 2012-2013թթ. ՄԱԿ Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի տեղի համար իր թեկնածությունն առաջադրել էր արևելաեվրոպական խմբից: Ադրբեջանից բացի այդ տեղին հավակնում էին նաև Հունգարիան ու Սկովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես ընդունում են մրցակցության լրջությունը, հաշվի առնելով այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը Ադրբեջանի համեմատ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը հավաքել է 155 ձայն: Վերջինիս հետ մրցող Սլովենիան հանել էր իր թեկնածությունը: Այդպիսով, գրանցվել էր միայն Ադրբեջանը: Ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 193 անդամ ունեցող Գլխավոր ասամբլեային ներկա և իրենց կարծիքը հայտնած երկրների ձայների երկու երրորդը: