3 նոյեմբերի 2011 - 11:51 AMT
Մեծ Բրիտանիան պատրաստում է ռազմական գործողության պլան Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծման դեպքում

Մեծ Բրիտանիան պատրաստում է ռազմական գործողությունների պլաններ ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու դեպքում։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։

«Բրիտանական զինված ուժերը կազմում են պլաններ Իրանի վրա պոտենցիալ ռազմական հարվածի դեպքում Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի իրագործման աճող վտանգի ֆոնին»,- գրում է հրատարակությունը՝ մեջբերելով բրիտանական կառավարության աղբյուրը։ ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է միջուկային զենք ստանալուն և մտադիր չեն թույլ տալ դա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։ Guardian-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում ստեղծվել է հատուկ խումբ, որը կազմում է ռազմական գործողությունների պլան այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ն որոշում ընդունի հարվածել Իրանին։

ԱՄՆ հատուկ ծառայությունները և նրանց դաշնակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Իրանն իբր սկսել է ուրանի հարստացման իր ցենտրիֆուգները տեղափոխել ստորգետնյա բունկերներ։ Արևմտյան փորձագետների գնահատականներով, մեկ տարվա ընթացքում բոլոր իրանական ցենտրիֆուգները կհայտնվեն այդ բունկերներում և դրանից հետո անհնար կլինի դրանք ոչնչացնել հրթիռային հարվածով։