3 նոյեմբերի 2011 - 12:49 AMT
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը կմասնակցի «Վոլին-2011» միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո նոյեմբերի 3-ին մեկնելու է Լուցկ քաղաք /Ուկրաինա/ մասնակցելու ԶԼՄ-ների աշխատակիցների «Վոլին-2011» անվանումը կրող մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին։ Մրցումները տեղի կունենան նոյեմբերի 4-6 ժամանակահատվածում Ուկրաինայի Վոլինի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ։

Ինչպես հայտնել է ՀՀ լրագրողների թիմի ավագ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Երկիր» օրաթերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը մրցաշարին հայկական թիմից զատ մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի լրագրողական թիմերը։

Մրցումների ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև մասնակիցները կայցելեն «Ավանգարդ» մարզադաշտ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության «Վոլին»- «Կրիվբաս» խաղը դիտելու։

Հայաստանի լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցել է /բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած/, բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին ՝ Սանկտ Պետերբուրգում, Քիշինևում, Երևանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում և 2009-ին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում հայկական թիմը մեկ անգամ դարձել է չեմպիոն, երեք անգամ բրոնզե մեդալակիր։