3 նոյեմբերի 2011 - 15:44 AMT
Երևանում Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված հուշարձանի բացումը նախատեսված է նոյեմբերի 9-ին

Կառավարությունը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաև մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացրել է 11 մլն 142 հազար դրամ։

Ինչպես հաղորդել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հատկացված միջոցներն ուղղվելու են մի շարք միջոցառումների անցկացմանը, այդ թվում ֆիլմի նկարահանմանը և նորվեգացի գիտնական մասին գրքի հրատարակմանը, ինչպես նաև հուշարձանի ստեղծմանը, որի բացումը կայանալու է նոյեմբերի 9-ին Երևանի կենտրոնում։

Հուշարձանը տեղադրելու որոշումն ընդունվել է Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Հանձնաժողովը հավանության է արժանացրել մեծ մարդասերի հուշարձանը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը և ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեին մինչև օգոստոսի 1-ը: