3 նոյեմբերի 2011 - 15:47 AMT
Աննա Բադալյանը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» ԱԱ-ում գրավել է 3-րդ տեղը

Նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի:

63 կգ քաշային մարզուհին Էջմիածնից է, սովորում է Մոսկվայում:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:

Մրցումները շարունակվում են:

«Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:

«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն` օդամղիչ ատրճանակից և ձեռնամարտ:

Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: