3 նոյեմբերի 2011 - 15:47 AMT
Եվրոպայի շախմատի առաջնության 1-ին տուր. Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը ԵԱ առաջին տուրում նոյեմբերի 3-ին հանդիպելու է Ավստրիայի հետ։

Առաջին տուրը բաց է թողնելու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Նրա փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Սերգեյ Մովսիսյանը, նրա մրցակիցը լինելու է Մարկուս Ռագերը։ Վլադիմիր Հակոբյանը հանդիպելու է Ստեփան Կինդերմանի, Գաբրիել Սարգսյանը՝ Դավիթ Շենգելիայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռոբերտ Կրեյսլի։

Հայաստանի կանանց հավաքականում Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակում խաղալու է չեխ շախմատիստուհի Եվա Կուլովանայի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը լինելու է Կատերինա Նեմկովան, Լիլիթ Գալոյանը մրցելու է Քրիստինա Խավլիկովայի, իսկ Մարիա Կուրսավան՝ Թերեզա Օլսարովայի հետ։

Առաջնությունը տեղի է ունենալու շվեյցարական համակարգով 9 տուրերով։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 հավաքական, կանանց՝ 28։

Պարտիաները կայանալու են նոյեմբերի 3-11-ը։