3 նոյեմբերի 2011 - 17:17 AMT
ՎԶԵԲ պատվիրակությունը փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորությամբ կայցելի Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունը փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորությամբ այցելելու է Հայաստան։ Ինչպես հաղորդվում է բանկի մամլո հաղորդագրությունում, ՎԶԵԲ ներկայացուցիչներն այս շաբաթ անցկացնելու են խորհրդատվություններ քաղաքական առաջնորդների և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Հայաստանի համար բանկի նոր եռամյա ռազմավարության շուրջ։ Սպասվում է, որ նոր ռազմավարությունը Հայաստանի համար հաստատվելու է 2012-ի սկզբին եռամյա ժամկետով (2012-2015թթ)։

Իր այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան ՍԱրգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ։

ՎԶԵԲ պատվիրակությունն ուսումնասիրելու է Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական ներկա զարգացումը, քննարկելու է երկրի միջնաժամկետ գերակայությունները և պարզելու, թե ինչպես կարելի է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսության անցնելու գործընթացում։