ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանում կիրականացվի «կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրը

ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանում կիրականացվի «կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է Հայաստանում կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով տնտեսական արդյունավետ կառավարման խթանմանն ուղղված «կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանի կառավարության խնդրանքով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դեռևս փետրվարին հրավիրել էր կարգավորման բարեփոխումների միջազգային առաջատար փորձագետ` գնահատելու Հայաստանի գործարար միջավայրն ու առավել արդյունավետ պետական կարգավորման համակարգ ստեղծելու գործիքները: Ըստ գնահատման` բազմաթիվ հնացած ու հակասական իրավական նորմեր խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում և պարզեցման կարիք ունեն:

«Ստորագրելով մտադրությունների մասին սույն նամակն այսօր` ԵԱՀԿ-ն ստանձնում է կառավարության ջանքերին աջակցելու պարտավորվածություն` իրականացնելու կարգավորիչ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանը կդարձնեն գրավիչ` օտարերկրյա ներդրողների համար: «Կարգավորիչ գիլյոտինն» իրականացվել է աշխարհի շատ երկրներում և նպաստել է գործարարության և օտարերկրյա ներդրումների աճին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Երևանում նոյեմբերի 3-ին Հայաստանում «կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրն իրականացնելու մտադրությունների մասին նամակ է ստորագրվել ԵԱՀԿ, Հայաստանի կառավարության, «Զարգացման ավստրիական գործակալության», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և ՄԱԶԾ միջև:

Ողջ ծրագրի ընթացքում, որը կմեկնարկի 2010թ. դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչև 2013թ. նոյեմբերի 31-ը, կգործի «Երկխոսության համատեղ ֆորումը»` նպաստելու տեղեկատվության փոխանակման և կողմերի միջև հետագա քննարկումներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---