4 նոյեմբերի 2011 - 12:19 AMT
Տարոն Մարգարյանը մրցակիցներ չունի

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշվեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 15-ին։ Դեռևս հայտնի միակ թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանն է։

Ավագանու անդամ, դրամատուրգ Արա Երնջակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն նույնպես այլ թեկնածուներ դեռ հայտնի չեն։

Ավագանու մեկ այլ անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Ենոք Ազարյանն իր կարծիքը հայտնեց միակ թեկնածուի մասին։ «Տարոն Մարգարյանը հարգարժան, բազմափորձ և ճանապարհ անցած մեր գործընկերն է, և կարծում եմ՝ ունի իր ձեռագիրը, որը տեսնում եք Ավան համայնքում, նաև՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ աշխատելու ընթացքում»,- ասաց Ազարյանը՝ հույս հայտնելով, որ ձեռագիրն ավելի արտահայտիչ կդառնա, երբ Տարոն Մարգարյանը երդում տա, բոլորս նրան շնորհավորենք, և նա քաղաքապետի պաշտոնում իրեն լիովին դրսևորելու հնարավորություն կունենա ։

Այսքանից հետո մնում է միայն ենթադրել, որ քաղաքապետի ընտրությունը, այսօրվա նիստի քվեարկության նման (ավագանին որոշում էր արտահերթ ընտրությունների անցկացման օրը), կանցնի մեկ թեկնածուով և միաձայն։