4 նոյեմբերի 2011 - 13:43 AMT
Բագրատ Ասատրյան. Կառավարության համար դժվար չի լինի լրացուցիչ 100 մլրդ դրամ հավաքել

Հայաստանի կառավարությունը, որը խորհրդարան է ներկայացրել 2012թ. պետբյուջեի նախագիծը, «մինչև վերջ չի բացել իր քարտերը», մասնավորապես, դա վերաբերում է հարկային փաթեթին, քննարկումները խորհրդարանում դեռ չեն սկսվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ես տեղյակ եմ, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ կառավարությունը հայտարարեց, որ 100 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքի, ինչը փոքր գումար չէ»,-ասել է նա:

Ըստ փորձագետի, դա հնարավոր է, քանի որ կառավարության առջև այնքան էլ լուրջ խնդիր չի դրված: Ասատրյանը պարզաբանել է, որ 60 մլդր դրամ կառավարությունն առանց այդ էլ կհավաքեր առանց լրացուցիչ քայլերի 2012թ. ակնկալվող տնտեսական աճի հաշվին: Ինչ վերաբերում է մյուս 40 մլրդ դրամին, ապա, ըստ նրա, այդքանն էլ կհավաքվի հարկային ու մաքսային վարչարարության հաշվին: Բագրատ Ասատրյանը դրական է գնահատել հարկային բարեփոխումների նոր փաթեթի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ալկոհոլի վրա ակցիզային հարկին, մաքսային տուրքերին ու մի շարք հարկային դրույքներին, նշելով, որ «այդ ամենը երկար սպասված ու խելամիտ քայլեր են»: Նա նաև հավելել է, որ այդ հարկային փաթեթն ուղղակի անհրաժեշտ էր պահպանելու համար 2012թ. ծախսերը 2011թ. ծախսերի մակարդակի վրա: «Իսկ 2012թ. ծախսերը շատ ավելի քիչ կլինեն, քանի որ միջազգային դոնորները այլևս չեն ցանկանում գումարներ հատկացնել Հայաստանին, ասելով, որ նա ինքը պետք է միջոցներ հայթայթի»,-ասել է նա:

Բագրատ Ասատրյանը վստահ է, որ Հայաստանի էկոնոմիկան զգալի ռեզերվներ ունի, որտեղ «հարկային ստվերը» գերազանցում է 40 տոկոսը, կան շատ ուղղություններ ծառայությունների ոլորտում, որոնք վատ են հարկադրվում: Ըստ նրա, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մակարդակը Հայաստանում ցածր է՝ 17 տոկոս, այլ զարգացող երկրների, նույն Վրաստանի, համեմատ: «Ռեզերվը մոտ 10 տոկոս է և իշխանությունները պետք է դա օգտագործեն»,-ասել է նա: