4 նոյեմբերի 2011 - 13:46 AMT
Հայաստանում արդեն գործում է «շրջող գրքերի»՝ BookCrossing ցանցը

«Կարդացի՞ր` փոխանցիր մեկ ուրիշին›»։ Սա BookCrossing Հայաստան խմբի կարգախոսն է։ BookCrossing.com-ը շրջող գրքերի կայք է։ Այստեղ յուրաքանչյուր մարդ կարող է գրանցել տարբեր գրքեր՝ ստանալով յուրաքանչյուր գրքի համար կոդ, որը փակցվում է գրքի վրա։ Գրքի էջում ընթերցողը կարող է նշել, որ այդ գիրքն իր մոտ է։ Այդպես յուրաքանչյուրը կարող է իմանալ, թե վերջին անգամ ով է կարդացել գիրքը և ում մոտ է այն։

Այս BookCrossing-յան համակարգը Հայաստանում գործում է արդեն մի քանի ամիս։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱՐՄԱԿԱԴ ուսումնական ցանցի հիմնադիր և Քլաբորատորիա ակումբի տնօրեն Խաչիկ Գևորգյանն ասաց, որ ԱՐՄԱԿԱԴ-ը BookCrossing.com-ում գրանցել է արդեն 161 գիրք։

«Եթե յուրաքանչյուրը, գիրքը ընթերցելիս BookCrossing-ում, գրքի էջում նշի, որ գիրքն իր մոտ է, ապա մի քանի տարի անց հնարավոր կլինի տեսնել և հասկանալ, թե քանի հոգի է այդ գիրքը կարդացել։ Բացի դրանից, պարտադիր չէ, որ ընթերցողն այդ գիրքը վերադարձնի, որտեղից, որ վերցրել է։ Սա գրքերի շրջանառության յուրօրինակ և հետաքրքիր գործընթաց է։ ԱՐՄԱԿԱԴ-ը ցանկանում է գրանցել մոտ 5000 գիրք»-նշեց Խաչիկ Գևորգյանը։

Հայաստանում BookCrossing-ի գաղափարն առաջ է տանում երեք ակումբ՝ Քլաբորատորիան, Մետրո Մյուզիք պանդոկը և ԱրթԲրիջ ակումբը։ BookCrossing.com կայքում երևում է, որ Հայաստանից կա 20 անդամ, որոնք միասին գրանցել են 201 գիրք։

Խաչիկ Գևորգյանը մտադիր է կազմակերպել BookCrossing հանդիպում, որի ժամանակ մարդիկ կբերեն իրենց գրքերը, կգրանցեն գրքերը, կստանան պիտակներ՝ կոդը վրան գրելով կփակցնեն գրքերին։

BookCrossing-ը թարգմանաբար նշանակում է գրքապտույտ։ Շրջող գրքերի գաղափարը ստեղծվել է 2001-ին Ռոն Հորնբեյքերի կողմից։ Սա աշխարհում շատ հայտնի ցանց է։ 2010-ի տվյալներով, կայքում կա ավելի քան 6 միլիոն գիրք և 870 000 անդամ։

BookCrossing.com-ում գիրքը գրանցելիս գրում ես գրքի անվանումը, հեղինակին, կարող ես տեղադրել գրքի կազմի պատկերը։ Կա հնարավորություն գրանցելիս որոնում կատարել Amazon-ի կամ Google-Books-ի գրքերի բազայում և անմիջապես բոլոր տվյալները ավտոմատ կերպով կհայտնվեն գրքի էջում։