4 նոյեմբերի 2011 - 14:38 AMT
Հայաստանի ՍԱՊԾ-ը դադարեցրել է այծի կաթի արտադրությունը, որում հայտնաբերվել էին բակտերիաներ

«ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթի արտադրությունը, որը շուկայում իրացվում է «Էյ-Էս-Բի-Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից, դադարեցվել է դրա մեջ աղիքային ցուպիկի խմբի և ստաֆիլոկոկի մանրէներ հայտնաբերելուց հետո, իսկ խախտողը կարող է տուգանվել 100-300 հազար դրամով։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը։

Ինչպես հաղորդել է Պիպոյանը, ծառայությանը բողոքով դիմել է բնակիչ, որը Երևան Սիթի սուպերմարկետում ձեռք բերել կաթը, որն օգտագործելիս զգացել է դառնահամ, ինչը նրա մոտ կասկած է հարուցել։ Արտադրանքն ուղարկվել է փորձաքննության, իսկ դիմած բնակիչը հոսպիտալացվել է։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլոկոկի բակտերիաներ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: «Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից»,- հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։